Մայիսի 17-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը (ԳԱԿ) համաշխարհային թանգարանային համայնքի հետ տոնելու է «Թանգարանային գիշերը»` անվճար բացելով իր բոլոր ցուցասրահները`առավոտյան ժամը 10:00-ից մինչև 24:00:
Թանգարանային գիշերվա շրջանակներում «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի գլխավոր իրադարձությունը կլինի եզակի ցուցադրության բացումը՝ «Կերպափոխվող իրականություն. նորարարությունն ու երևակայությունը իտալական դիզայնում»: Այն ներկայացնում է իտալական դեկորատիվ արվեստի նմուշներ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից, այդ թվում` համաշխարհային ճանաչում վայելող դիզայներներ Գաետանո Պեշեի, Անդրեա Բրանձիի, Պիերո Ֆորնասետիի ստեղծագործություններից: Այցելուները նաև հնարավորություն կունենան վայելելու ընթացիկ ժամանակավոր ցուցադրությունները:
Հատուկ միջոցառումների սրահում ժամը 14:00-ին և 16:00-ին կցուցադրվի Պիտեր Շամոնիի «Հունդերթվասերի Ռեգենթագը» փաստագրական կինոնկարը, որը բացահայտում է ավստրիացի հայտնի արվեստագետ Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի զարմանալի կերպարը: Ֆիլմի անվճար հանրային ցուցադրության իրավունքը տրվել է SCHAMONI FILM & MEDIEN GmbH-ին:
«Թանգարանային գիշեր» ակցիայի միջոցառումների շարքում կիրականացվեն նաև կրթական ծրագրեր՝ հիմնված «Ֆրիդենսրայխ Հունդերթվասեր Ռեգենթագ» ցուցադրության վրա: